Հեթում Ա (1213-1270), Կիլիկիւսյի հայոց թագավոր 1226-1269 թվականերին։
Հեթումյանների արքայատան հիմնադիրը։
1225-ին՝ Ֆիլիպ թագավորին գահընկեց անելուց հետո, Կոստանդին պայլն իր 13-ամյա որդի Հեթումին պսակել է Զաբել թագուհու հետ և հռչակել թագավոր (մինչև Հեթում Ա-ի չափահաս դառնալը երկիրը կառավարել է Կոստանդին թագավորահայրը)։
Հեթում Ա-ի օրոք հաղթահարվել են ներքին երկպառակությունները, ավելի է կենտրոնացվել միապետական իշխանությունը։
1243-ին թագավորը խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլ Բաչու Նոյին զորավարի հետ, իսկ 1254-ին Մոնղոլիայի մայրաքաղաք Կարակորումում նոր դաշնագիր կնքել Մանգու խանի հետ։
1256-1259-ին մոնղոլների զինակցությամբ զսպել է հարևան մահմեդական պետություններին, ազատագրել մի շարք բերդեր ու քաղաքներ, Կիլիկյան Հայաստանին միացրել Կապադովկիայի հվ. շրջանները, առժամանակ՝ հս. Ասորիքի զգալի մասը (Հալեպ կենտրոնով)։ Եգիպտոսի սուլթանությունը 1266-ին 30 հզ-անոց բանակով ասպատակել է Կիլիկիան։
1268-ի հուլիսին Հեթում Ա որոշ զիջումներով հաշտություն է կնքել սուլթանության հետ, գերությունից ազատված որդուն՝ Լևոնին, հանձնել գահը (1269), մտել վանք, որտեղ և մահացել է։ Հեթում Ա-ի անունով և պատկերով հատվել են ոսկե, արծաթե և պղնձե դրամներ։
ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ
«…եւ ինքն հրաժարեալ ի շքոյ կենցաղոյ՝ եւ մուտ ի կրօն, եւ կոչեցաւ Մակար, եւ յետ սակաւ ժամանակի հանգեաւ խաղաղութեամբ յամի 801»։
Հեթում Պատմիչ Հայոց թվարկության 801-ը
համապատասխանում է Ք. ծ. 1270 թ., իսկ շքեղ կենցաղից հրաժարվողն ու վանք մտնողը Հեթում Առաջին Կիլիկյան արքան էր, ով ինքնակամ ավարտեց իր երկարամյա գահակալական շրջանը (հայոց պատմության մեջ միակը, ով թագավորեց շուրջ 43 տարի) եւ գահը փոխանցեց որդուն՝ Լեւոն Գ-ին։ Հեթում Մեծը վանք մտավ 1269 թ. եւ վախճանվեց կարճ ժամանակ անց՝ 1270 թ. հոկտեմբերի 28-ին։
Հեթում Ա-ն թագադրվեց ոչ միայն Կիլիկիայի, այլեւ Մերձավոր Արեւելքի ու Եվրոպայի երկրների համար բախտորոշ ժամանակում։ Ռուբինյանների թագավորության վերջին արքան՝ Լեւոն Բ-ն, վախճանվել էր. արու զավակ չունենալու պատճառով գահը ժառանգել էր նրա մանկահասակ դուստրը, խնամակալ էր նշանակվել Հեթումյանների տոհմից Կոստանդին սպարապետը։ Գահակալության շուրջ վեճերը հարթելու նպատակով Կիլիկիայի իշխանները 1221 թ. Զաբելին ամուսնացրին Անտիոքի դքսության իշխանազն Ֆիլիպի հետ, սակայն 1222-ից հայոց թագավոր հռչակված Ֆիլիպի լատինամոլ քաղաքականությունը իշխաններին ստիպեց 1224 թ. գահընկեց անել նրան եւ բանտարկել, որտեղ էլ, ինն ամիս անց, սպարապետ Կոստանդինի հրամանով թունավորվեց ու կնքեց մահկանացուն։ Ինչպես Զաբելի, այնպես էլ երկրի ղեկավարության խնամակալությունը կրկին ստանձնեց սպարապետը։ Ղեկավարելով մինչեւ 1226 թ., նա՝ Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ, 13-ամյա որդուն ամուսնացրեց Զաբելի հետ եւ հռչակեց Կիլիկիայի հայոց թագավոր, որով էլ հիմնադրվեց Հեթումյանների արքայական հարստությունը։
Հեթում Ա-ն հոր՝ սպարապետ Կոստանդինի ու հայոց երկրի արժանավոր զավակը եղավ։ Նա ոչ միայն կարգավորեց թագավորության ներքին խնդիրները, հաշտություն սերմանեց իշխանների միջեւ, զարգացրեց տնտեսությունն ու մշակույթը, այլեւ վարեց հավասարակշիռ, խոհեմ դիվանագիտություն, ինչը նպաստեց ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ տարածաշրջանի քրիստոնյաների անվտանգությանը։ Հեթում Մեծի անունով ու պատկերով հատվել են ոսկյա, արծաթյա, պղնձյա դրամներ։
Հեթում Առաջինի գահակալության շրջանում Արեւմուտքն զբաղված էր խաչակրաց արշավանքներով, Մերձավոր Արեւելքում եվրոպացի իշխանավորները հիմնադրել էին կոմսություններ ու դքսություններ՝ պայքար ծավալելով միմյանց դեմ, Հայոց թագավորությունը իսլամադավան պետությունների սպառնալիքի տակ էր, իսկ Ասիայի խորքերից էլ Մերձավոր Արեւելքի ու եվրոպական երկրների վրա գլուխ էին բարձրացրել մոնղոլները։ Այս բարդ իրավիճակում ինչպես հայերի, այնպես էլ տարածաշրջանի քրիստոնյաների անվտանգության համար կարեւոր դեր է ստանձնում հայոց արքան՝ Հեթում Առաջինը, ում միջնադարյան պատմիչները տարատեսակ պատվանուններ են շնորհել՝ «Աստվածասեր», «Բարեպաշտ», «Մեծն», «Քրիստոսասեր», «Քրիստոսապսակ» եւ այլն, ինչը շնորհվել է հայոց գրեթե բոլոր արքաներին, սակայն Հեթումն առավել հայտնի էր «Բարեպաշտ» պատվանունով, ու թեեւ նա իսկապես սրբակենցաղ քրիստոնյա էր, գահակալության տարիներին դրսեւորել է պետական մեծ գործչին վայել բազմաթիվ ունակություններ՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ասպարեզներում։
Նրա հեռատես ու նուրբ դիվանագիտության շնորհիվ իր վերելքի շրջանում տարածաշրջանի հանդեպ նվաճողական, ռազմական անզիջում քաղաքականություն վարող Ռումի սուլթանությունը չեզոքության քաղաքականություն որդեգրեց Կիլիկյան Հայաստանի նկատմամբ, մոնղոլների հետ կնքվեց ռազմավարական դաշինք եւ Անտիոքի իշխանապետության նկատմամբ փաստացի հայկական պրոտեկտորատ հաստատվեց։ Մինչդեռ իրավիճակը բարդ էր ոչ միայն Հայաստանի համար։ Մոնղոլական վաչկատուն ցեղերը՝ մեծ ուժերով ներխուժելով Միջին Ասիա ու Մերձավոր Արեւելք, գրավելով Պարսկաստանի զգալի մասն ու Անդրկովկասը, պարտության մատնելով Փոքր Ասիայի սելջուկներին, սկսեցին սպառնալ Կիլիկիայի հայկական թագավորությանը։ Ի վերջո, հեթանոս մոնղոլները թագավորություն են հիմնում Պարսկաստանում, իսկ թուրք մամլուքներն իրենց ձեռքն են վերցնում իշխանությունը Եգիպտոսում եւ Ասորիքում։ Անհրաժեշտ էր սթափ գնահատել իրավիճակը եւ ընտրություն կատարել թուրք մամլուքների ու մոնղոլների միջեւ։
Հայոց արքան ընտրեց մոնղոլների հետ դաշնություն կնքելու տարբերակը եւ անձամբ մեկնեց Կարակորում։ Հեթում Պատմիչը վկայում է, որ մոնղոլների կայսրը՝ Մանգու խանը, Հայոց արքային ընդունում է «մեծ սիրով ու բարեհաճությամբ» եւ կատարում նրա բոլոր խնդրանքները, իսկ Հայոց արքան նախ եւ առաջ խնդրում էր, որ «հավիտենական խաղաղություն ու սեր հաստատվի մոնղոլների եւ քրիստոնյաների միջեւ» (իսկ «քրիստոնյաներ»՝ նկատի ուներ ոչ միայն հայերին), որ քրիստոնեական եկեղեցու սպասավորները լինեն ազատ ու չենթարկվեն ստրկության, իսկ ամենակարեւորը՝ հայկական հողերը մուսուլմաններից ազատելով, վերադարձվի հայերին։
Հեթում Առաջինը դաշինքի մեջ ներգրավում է նաեւ Անտիոքի իշխան Բոհեմունդ 2-րդին, հույներին եւ ասորիներին։ Հայ-մոնղոլական արշավանքը պատմության մեջ հիշատակվում է նաեւ որպես Դեղին Խաչակրաց արշավանք։ Հեթում Առաջինի դիվանագիտական եւ ռազմական տաղանդի շնորհիվ Կիլիկյան Հայաստանը առժամանակ մեծացնում է իր կշիռն ու հեղինակությունը Փոքր Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում։
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
Հ.Գ.
Նյութը հավաքագրել եմ սոցիալական կայքերից՝
Read more at: https://hhpress.am/aylq/2022/14595/, և՝ http://www.historyofarmenia-am.armin.am/